«Բաց նամակը» գրելու առիթ դարձան օրերս մամուլում հայտնված հետևյալ ուշագրավ հրապարակումները.
ա) «Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Արդյունքում, այս տարի մոտ ժամը 4-ի դրությամբ հավաքվեց 9856100 դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ»։
բ) «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում»։
Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում էր արևի էներգիայի օգտագործմանը և, բնականաբար, ես չէի կարող անտարբեր մնալ ու չարձագանքել, որովհետև այդ կարևոր թեման գտնվում է իմ ուշադրության կենտրոնում և որոշ պարզաբանումների կարիք ունի: Այո, 26 տարի շարունակ զբաղվել եմ արևային տեխնիկայի ստեղծման ու զարգացման գործերով՝ նպատակ հետապնդելով արդյունաբերության, գյուղատնտեսության ու մասնավոր հատվածի համար ստեղծել հեռանկարային մի այնպիսի նոր ուղղություն, որը հնարավորություն տար խուսափելու տնտեսական ճգնաժամից, բավարար աշխատատեղեր ստեղծելու մեր քաղաքացիների համար, հատկապես աղետի գոտու բնակչության համար (Սպիտակում ծանր վիճակ է ստեղծվել, մի քանի օրից նշվելու է Սպիտակի երկրաշարժի 31 տարին, աշխատատեղերից բացի կա «դոմիկներից» ազատվելու խնդիր, բնակչությունը այնպիսի վիճակի է հասել, որ վախից Փաշինյանն իր սգո ու հիշատակի միջոցառումները երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակից տեղափոխել է Գյումրի, չգիտեմ ինչու, կամ վախենում է, կամ ամաչում, կամ էլ երկուսը միասին), մեկ-երկու կարգով ավելացնելու երկրի ՀՆԱ-ի ծավալները, բավարար միջոցներ ստեղծելու պատերազմող մեր երկրի համար զենք արտադրելու և գնելու համար, կանխելու և բացառելու արտագաղթը, բարձրացնելու Հայաստանի միջազգային հեղինակությունը, նպաստելու Արցախի միջազգային ճանաչմանը և նման շատ ու շատ քաղցր բաներ:
Աշխատանքների տեսական, գիտահետազոտական, կոնստրուկտորական և փորձարկման փուլերն արդեն ավարտել ենք ու հասել ներդրման գործին (զանգվածային արտադրություն կազմակերպելու փուլին), որի համար փող չունենք: Ասեմ, որ թվարկածս աշխատանքների համար էլ փող չեմ ունեցել, ամեն ինչ արվել է իմ աղքատիկ ռեսուրսների հաշվին՝ մեր երեխաների բերանից կտրելով, արյուն ու քրտինք թափելով, վերջնական արդյունքներից գոհ եմ, որովհետև մեր մրցակիցներից առաջ ենք անցել, փաստորեն դրսում ու ներսում մրցակիցներ չունենք: Սրանք լոկ խոսքեր չեն, ամեն ինչ իրատեսական է և իրագործելի: Արևային ծրագիրը 1993 թվին նախապես քննարկել էի ակադեմիկոս Պարիս Հերունու հետ ու ներկայացրել «Երկրների հելիոֆիկացիայի ծրագիր» անվամբ՝ նախանշելով հեռուն գնացող մեր նպատակները. Հայաստանի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, հայության համար ստեղծել հեռանկարային մի նոր ոլորտ, որը թույլ կտա մեր արժանի տեղն ապահովել աշխատանքի միջազգային բաժանման մեջ՝ մոնոպոլ դիրքեր ապահովելով խիստ եկամտաբեր ու հեռանկարային նոր ոլորտում: Քաղաքական դիվիդենդների ստացումը, հատկապես Արցախի միջազգային ճանաչման տեսակետից, երաշխավորված կլինի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արևային էներգիայի օգտագործման հայկական տարբերակը տարածվելու է աշխարհով մեկ՝ սկսելով էկոլոգիական աղետից խուսափելու արդյունավետ գործընթացը: Հելիոֆիկացիայի ծրագիրն ունի տնտեսական, քաղաքական ու սոցիալական կարևոր բաղադրիչներ: Ճապոնացի մի գիտնական հրապարակել է մարդկությանը սպառնացող աղետների ցանկը, ատոմային պատերազմից հետո, 2-րդ կետով հիշատակվում է համաշխարհային էկոլոգիական աղետը, որը գալու է միանգամից՝ տրադիցիոն էներգակիրների (գազ, ածուխ, փայտ, աթար, տորֆ, մազութ, դիզվառելիք և այլն, թվով 18) անխնա օգտագործման պատճառով, ամեն ժամ ակտիվացվող ջերմոցային էֆեկտի մեխանիզմով, արդյունքում մարդկությունը կստանա անկառավարելի մի այնպիսի պրոցես, որի դեմն առնելը անհնար կդառնա, ոչ ժամանակ կմնա, ոչ էլ միջոցներ կգտնվեն:
Փրկության ճանապարհը մեկն է՝ պետք է օր առաջ սկսել արևի էներգիայի զանգվածային կիրառությունը կամ, մեր տերմինաբանությամբ՝ երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիան, դա կդառնա էկոլոգիական աղետից փրկվելու էֆեկտիվ ու աշխատող տարբերակը, որի համար միջազգային հանրությունը միայն շնորհակալ կլինի հայ ժողովրդին, բայց մենք առաջ ենք գնացել ու կանգնել ենք ֆինանսական փակուղու առաջ, մեր նախկին ու ներկա իշխանությունների պետքը չէ, թե մեր գործերն ինչ ավարտ կունենան:
Հելիոֆիկացիայի տնտեսական հիմնավորումը կառուցված է հետևյալ հաշվարկների վրա. արևային տեխնիկան մարդկանց համար կդառնա պահանջված ու առաջին անհրաժեշտության առարկա, կտարածվի աշխարհով մեկ, եթե դա տնտեսապես շահավետ լինի օգտագործողների ¥առաջին հերթին¤, հետո միայն բնության համար, երկրորդ հերթին՝ որպես հետևանք և երկրորդային արդյունք: Այլընտրանքային էներգիայի ոլորտի զանգվածային տարածման հիմնական խոչընդոտն այն է, որ մշտապես առաջին պլանում են պահվում էկոլոգիական աղետից խուսափելու խնդիրները՝ անկախ տրամադրվող միջոցների չափից, որից հետո քննարկման է դրվում ոլորտների տնտեսական նպատակահարմարության հարցը, այն աշխարհում լուծված համարել չի կարելի՝ ներդրումների փոխհատուցելիության մեծ ժամկետների պատճառով (5-10 տարի):
Հելիոֆիկացիայի հայկական ծրագրի մեջ այդ ժամկետները կրճատել ենք՝ մինչև 1-2 տարի, սրանք նրբություններ են, որոնք ըմբռնելու և ընդունելու համար պետք է ծանոթանալ հելիոֆիկացիայի ծրագրի դրույթներն, որը, ի միջի այլոց, հրապարակվել է «Իրատեսում»: Հելիոֆիկացիայի ծրագիրը բազմաթիվ անգամ փորձել եմ քննարկման դնել ՀՀ ԱԺ-ում, բայց ապարդյուն, դրան էլ են դեմ:
-Խնդրին տեղյակ եմ, բայց դա մեզ հետաքրքիր չէ,- սա ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքերն են, որոնք ինձ է փոխանցել հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:
Իհարկե, եթե մնայինք Հայաստանի իշխանությունների հույսին, ապա հելիոֆիկացիայի գործը առաջ չէր գնա, գլուխ չէր գա: Հիմա մեկ տարբերակ ենք փորձում, թե ինչպես հելիոֆիկացիայի գործը տեղափոխել սփյուռք՝ այն դարձնելով համահայկական արդյունաբերության առաջին կարևոր գործը: Եթե սփյուռքում գումարներ են հավաքվում Արցախում արևային տեխնիկան տարածելու համար, ապա ոչ մի խոչընդոտ չկա, որ գումարներ հավաքվեն՝ արևային տեխնիկայի ոլորտը շահավետ հայկական բիզնեսներ դարձնելու համար: Հաշվարկները ցույց են տալիս, որ արևային տեխնիկայի միջազգային շուկայի ծավալները գերազանցելու են 12 տրիլիոն դոլարը: Եթե հաշվի առնենք նաև ներդրումների վերադարձի անհավանական կարճ ժամկետները, ապա արևային բիզնեսների եկամտաբերությունը արագ տեմպերով կհասնի եռանիշ տրիլիոնների: Սրանք իրական թվեր են, որոնց հավատում են մեր շարքային քաղաքացիները:
-Այս իշխանություններն էլ Ձեզ չեն օգնում, ամոթ իրենց,- այսպիսի խոսքերով փողոցում կամ հեռախոսով ինձ հաճախ են դիմում երկրի ճակատագրով մտահոգ մեր քաղաքացիները։ Ես էլ եմ մտահոգ: Իմ 26 տարին տվեցի մեր անուշ Հայաստանի տնտեսությունը փակուղուց դուրս բերելու կարևոր գործին, բայց 30 տարվա ընթացքում չգտնվեց խելքը գլխին մի իշխանություն, որն ընդուներ հելիոֆիկացիայի ծրագրի կարևորությունը և խոչընդոտներ չստեղծեր դրա իրականացման ճանապարհին, միայն խանգարում են և չգիտես՝ ինչու:
Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 9856100 դոլարի մի մասն ուղղվելու է ֆոտոպանելներով հոսանք ստանալու գործին: Մի՞թե դա է հուսահատության շեմին հասած ու շփոթված մեր քաղաքացիներին հուզող ամենակարևոր հարցը։ Մի՞թե այլ խնդիրներ մենք չունենք: Հայտնի չէ, թե արևից ստացած էլեկտրական էներգիան ինչպես է ազդելու Հայաստանի ներքին գործերի, արտագաղթի, գործազրկության, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման վրա: Հելիոֆիկացիայի հարցում մենք գնացել ենք արևային տեխնիկայի մի նոր, չծեծված ճանապարհով և բավարար նախադրյալներ ստեղծել արդյունաբերության մի նոր ոլորտի կայացման համար, ինչը Հայաստանին ու Արցախին կտա տնտեսական ու քաղաքական աննախադեպ դիվիդենդներ, պետք է սկսել։ Փողերն արդեն, կարծես թե կան, այս տարի հավաքվել է նպատակային 9856100 դոլարը: Բայց ոչ, այդ գումարները հավաքվել են արևային այլ նպատակների համար՝ Արցախում և Հայաստանի երեք մարզերում արևից միայն էլեկտրական հոսանք և միայն ֆոտոպանելներով ստանալու համար:
Հարց՝ ու՞մ է սա հետաքրքիր: Իմ կարծիքով այդ սահմանափակումը միտումնավոր են ստեղծել և հարմարեցրել են միջնորդ կազմակերպությունների բիզնես շահերի ապահովմանը: Խոսքը վերաբերում է չինական արտադրության ֆոտոէլեմենտների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող հայկական ընկերություններին, որոնք շատ են ու ներկա են հայկական շուկայում: Համահայկական դրամահավաքի կազմակերպիչների կողմից խնդրի միտումնավոր խեղաթյուրման պատճառով էր, որ դրամահավաքը այդքան սահմանափակ ընդգրկում ունեցավ: Եթե խոսքը արևային տեխնիկայի զարգացման մասին է, ապա այստեղ ճանապարհները շատ են, Հայաստանում, Արցախում ու սփյուռքում արևային տեխնիկան պատկերացնում են ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» էլեկտրակայանների ձևով, որոշ չափով էլ Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագրով: Հերունի-Համազասպյան ուղղությունները չեն քննարկվում, դրանց մասին խոսք չկա, խոսում են միայն չինական ֆոտոպանելներից... Բոլորը գիտեն, որ Հայաստանում ֆոտոպանելներ արտադրող բոլոր ընկերությունները կախված են կիսահաղորդչային էլեմենտներ արտադրող չինական ընկերություններից, ֆոտոէլեմենտների արտադրության տեխնոլոգիաներին տիրապետել են Աբովյանի «Սիրիուս» և Աշտարակի «Տրանզիստոր» գործարանները, բայց այդ տեխնոլոգիաները կորցրել ենք անվերադարձ, դրանք այլևս չկան, թալանված են և աշխատանքային վիճակի բերել հնարավոր չէ: Իսկ ի՞նչ կլինի հաջորդ դրամահավաքի ժամանակ, եթե այժմ հանգանակած գումարներով Արցախում գործարկվեր Հերունու «Արև» էլեկտրակայանը կամ մի քանի բնակավայր հելիոֆիկացվեր... օրինակ՝, Ճարտար գյուղն ամբողջությամբ: Դրանք կդառնային համաշխարհային կարևորության այնպիսի սենսացիոն նորություններ, այնպիսի արագությամբ կտարածվեին աշխարհով մեկ, որ հաջորդ դրամահավաքին բացարձակ արդյունքներ կունենայինք, կստանայինք Արցախի լրիվ հելիոֆիկացիայի համար պահանջվող 120 միլիոն դոլարը: Համոզված եմ, որ հավաքված գումարները կծախսվեն ֆոտոպանելային յուրայինների բիզնես հետաքրքրությունները բավարարելու ու հարցերը կարգավորելու նպատակով, հերթական անգամ կծախսվեն ու կմխսվեն և մեր ֆինանսավորման այդ փոքրիկ առուն էլ կչորանա:
Հարգելի պարոն Փաշինյան, այս ամենը հասկանում են նաև ներդրում կատարողները, դա պետք է հաշվի առնել ու մտածել, թե ինչպես հրաժարվել մի քանի միլիոն դոլարի մասնավոր մսխումներից ու առաջ տալ 12 տրիլիոն դոլարի շուկա խոստացող հելիոֆիկացիայի գործին, ընտրությունը Ձերն է:
ՀՀ նախագահի գործերն ավելի խրթին են և անհասկանալի, չգիտես, թե պաշտոնական պարտականությունների ո՞ր կետով է իր վրա վերցրել արևային տեխնիկայի ֆոտոպանելային ուղղության զարգացնողի պարտականությունը:
Եղբայր, ո՞վ է ձեզ խնդրել արհեստական բանականությունից տեղափոխվել արևային ֆոտոպանելային ոլորտը՝ գործընկեր դարձնելով արաբական շեյխերին: Կիսահաղորդչային սարքերի և ֆոտոէլեմենտների մեջ ֆոտոէֆեկտների ուսումնասիրությունը մշտապես եղել է իմ գիտական հետաքրքրությունների շրջանակներում, ֆոտոէֆեկտների հիման վրա բազմաթիվ գյուտերի հեղինակ եմ: Ավելին, խորհրդային տարիներին իմ մշակած ստանդարտներով են փորձարկվել և ուղեծիր դուրս բերվել տիեզերանավերի մեջ օգտագործվող ֆոտոպանելները («ԾպՑՏՊ ՐպՍՏՎոՌվՈՓՌՏվվՏչՏ ՌջսցփպվՌÿե և ,ԾպՑՏՊ ՒՏՑՏՏՑՉպՑվօւ ՌջՏոՐՈՋպվՌռե), ես շատ լավ եմ պատկերացնում ակամա Ձեր հետաքրքրությունների դաշտում հայտնված ֆոտոպանելների նրբությունները, դրանց թույլ և ուժեղ կողմերը։ Դուք դրանց ծանոթ լինել չէիք կարող, դրանք խիստ մասնագիտական ուղղվածություն ունեն և ձևավորվում են տևական պրակտիկ աշխատանքի ընթացքում: Ազգի ու պետության անունից արվող գործերը պետք է անեն պրոֆեսիոնալները, գործից տեղյակ մարդիկ։ Աշխարհում քչերը գիտեն այն սահանքների մասին, որոնք թաքնված են կիսահաղորդչային ձևափոխիչների արտադրության ու կիրառության ճանապարհին: Այնպես որ մի խորհուրդ՝ որպես գիտնականը գիտնականին. «ծպ ջվՈÿ ոՐՏՊց, վպ սպջՖ Չ ՉՏՊց»: Եթե հետևենք ժամանակակից աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական վերադասավորումներին, ապա կարող ենք փաստել հետևյալը. Չինաստանը հետզհետե հրաժարվում է ֆոտոպանելների համար էլեմենտներ արտադրելու ծրագրերից՝ իր տեխնոլոգիական սարքավորումներն ու հոսքագծերը վաճառելով այլ երկրներում: Հայաստանում գործող ֆոտոէլեմենտների հավաքման արտադրամասերն ընդամենը հավաքման ցիկլն են իրականացնում, դրանք հեռու են կիսահաղորդչային ֆոտոէլեմենտների արտադրություններ կոչվելու իրավունքից, բայց մեր իշխանություններն այդպիսին են դիտարկում, որովհետև էլեկտրոնային արդյունաբերության մասին գաղափար չունեն:
Արտադրատեխնիկական քաղաքականությունը չինացիները փոխառել են ճապոնացիներից: Խորհրդային տարիներին մեծ ձեռքբերում էր համարվում, երբ կիսահաղորդչային գործածված ճապոնական ամբողջական գործարաններն արտարժույթով գնվում էին սեփական էլեկտրոնային արդյունաբերությունը զարգացնելու համար: Ճապոնական հոսքագծերով էր աշխատում Ֆրյազինո քաղաքի կիսահաղորդչային սարքերի գործարանը: Կրեմլի կողմից դա ընկալվում էր որպես դարակազմիկ հաջողություն, բայց իրականում դա խորհրդային էլեկտրոնային արդյունաբերությունը քայքայող, սեփական շուկան ճապոնացիներին զիջելու ձև էր, ստացված գումարները ճապոնացիներն օգտագործում էին իրենց ապագա տեխնոլոգիաները զարգացնելու համար: Տրանզիստորների արտադրությունը ամբողջովին տվեցին ԽՍՀՄ-ին, իրենք անցան միկրոսխեմաների արտադրությանը, Մինսկի «Ինտեգրալին» տվեցին միկրոսխեմաների արտադրության 0,35-միկրոնանոց տեխնոլոգիաները, իրենք անցան նանոսխեմաների արտադրությանը՝ մի քանի քայլով իրենցից հետ թողնելով պոտենցիալ մրցակիցներին՝ ԽՍՀՄ-ը դարձնելով իրենց արտադրանքների համար կայուն շուկա:
Բրենդային ֆիրմաները նման գործողությունների դիմում են միջազգային շուկայի 50 տոկոսը յուրացնելուց հետո՝ շարունակելով աշխատել մնացած 50 տոկոսի տիրույթում, արտադրության մեջ յուրացված, տվյալ արտադրանքի հուսալիությունը բարձր մակարդակի հասցրած ֆիրմաների համար դժվար չէ իրենց մրցակցային դիրքերը պահել միջազգային շուկաների մնացած հատվածներում:
Ֆոտոպանելների ընդհանուր շուկաներում աշխատող հայկական ընկերություններն այսօր իրացման լուրջ խնդիրներ ունեն և այդ բացը լրացնելու համար պատրաստ են ձեռքերը փրփուրներին գցելու, էկզոտիկ պատվերներ որոնելու նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ: Համոզված եմ, որ դրամահավաքի փողերի «արևային» մասը տրամադրվելու է ֆոտոպանելներ ներկրող ու տեղադրող հայկական ընկերություններին, սա արդեն կոռուպցիա է, կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում, պետական կամ բարեգործական միջոցները, մրցույթներով կհասցվեն նախապես հանցավոր համաձայնության եկած ընկերություններին ու կաշխատեն «ատկատներով», այստեղ ապացուցելու բան չկա, որովհետև սա աքսիոմ է՝ կայուն հիմքերի վրա դրված հայկական «ատկատային» էկոնոմիկայի համար, տնտեսական հեղափոխությունից խոսելն անգամ ավելորդ է, որովհետև ամեն ինչ զազրախոսության է վերածվում: Այս համատեքստում բացատրելի է, թե, օրինակ, պարոն Թունյանը ինչու՞ հրաժարվեց Համազասպյանի հելիոֆիկացիայի երկրաստեղծ ծրագիրը քննարկման դնելու առաջարկից, որովհետև
ա) այն իսկապես երկրաստեղծ է,
բ) կարող էր արժանանալ հանձնաժողովի մյուս անդամների հավանությանը, որից հետո դժվար կլիներ համապատասխան մարմիններում բացատրություններ տալ, թե ինչու են դրամահավաքը կանխամտածված ձևով շուռ տվել դեպի արևային էներգիայի օգտագործման ֆոտովոլտային տարբերակ՝ օրակարգից դուրս թողնելով Հերունու «Արև» էլեկտրակայանի տարբերակը: Հերունու դեպքում, խորապես համոզված եմ, դրամահավաքի արդյունքները մեկ կարգով բարձր կլինեին:
Կարող եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում կոռուպցիան չի վերացել, այն ավելի սանձարձակ, խոր թաքնված ու կազմակերպված է դարձել: Մինչև ֆոտոպանելների համար հանգանակություններ կազմակերպելը պետք էր հասկանալ, թե արևային էներգետիկայի հարցում մեր քաղաքացիներին հատկապես ի՞նչն է հուզում ու հետաքրքրում. բնակարանների ջեռուցու՞մը, որը մենք կարող ենք ապահովել մատչելի գներով, բարձր շահավետությամբ բիզնեսներ կազմակերպելու բացառիկ հնարավորությու՞նը, թե՞ մի այլ բան: Եթե մեզ հաջողվի Հայաստանն ու Արցախը հելիոֆիկացնել մեր հայկական տարբերակով և ունենալ 350 հազար կոմպլեկտ 20 կՎտ հզորությամբ DVH տիպի գործող կոմբինացված անհատական հելիոհամակարգեր, ապա մասնավոր սեկտորում կունենանք 2-3x350000 կամ 700 հազարից մինչև մեկ միլիոն 50 հազար աշխատատեղ՝ գյուղական բնակչության համար և անհավանական բարձր եկամուտներ բերող տարբեր բիզնեսներ՝ օգտագործելով տեղական ու արտասահմանյան սպառողների հետ աշխատանքները կազմակերպելու ինտերնետային առևտրի ժամանակակից ձևերը:
Աշխատատեղերի հաշվարկում հաշվի է առնված միայն մեր տեխնիկայից ուղղակիորեն օգտվողների թիվը. կուզեն տները կտաքացնեն, կուզեն արևային տեխնոլոգիաներով անմահական թթի օղի թորեն, կուզեն՝ տեղական կամ արտասահմանյան շուկաների համար, արևային քաղցրավենիք-սուջուխ կամ արևով խորոված բադրիջանի 300 տեսակի խավիար կպատրաստեն, իրենց գործն է, լիարժեք դեմոկրատիա է:
Այսօրվա դրությամբ աշխարհում արևային տեխնիկան զարգանում է հինգ հիմնական ուղղություններով.
1. ջերմային էլեկտրակայաններ (հիմնականում Ամերիկայում),
2. արևային կիսահաղորդչային էլեկտրակայաններ (ոլորտի առաջատարը Չինաստանն է, որը դեռ երկար կպահի զարգացման տեմպերը),
3. փոքր, հզորության, 25-200 կՎտ, «Ստիրլինգ» դասի արևային էլեկտրակայաններ (դարձյալ հիմնականում Ամերիկայում),
4. արևային կենցաղային ջրատաքացուցիչներ (զանգվածային արտադրությունը սկսվել է Գերմանիայից ու տարածվել աշխարհով մեկ),
5. հայելային կոնցենտրատորների բազայի վրա հիմնված հելիոհամակարգեր (այս ոլորտի առաջատարը, անշուշտ, Հայաստանն է):
Ինձ հաճախ են դիմում մեր քաղաքացիները, խնդրում են ջեռուցիչ համակարգեր, խնդրում են սննդի վերամշակման տեխնիկա, զանգահարում են, փողոցում են կանգնեցնում, արդեն ամաչում եմ, ամաչում եմ մեր իշխանությունների փոխարեն, նրանց անտարբերության ու կարևոր գործերին խանգարող հանգամանք դառնալու համար, ես ամաչելու բան չունեմ, ստեղծել եմ բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի Հայաստանը, Արցախը ունենան արդյունաբերության հեռանկարային այնպիսի ոլորտ, որը տարածվի աշխարհից աշխարհ, իմ երեխաների բերանից կտրել, 26 տարի շարունակ արյուն-քրտինք եմ թափել ու ստեղծել այն, ինչը պետք է հայ ժողովրդին, բայց իշխանությունները դեմ են։ Ինչի՞ն են դեմ։ Դեմ են, որ Հայաստանից էլ մի լավ բան դուրս գա, որ Հայաստանն ու Արցախը օրինակ դառնան աշխարհին, որ էկոլոգիական աղետից փրկվելու ճիշտ ճանապարհը գտնվի հայ գիտնականների շնորհիվ, որ համաշխարհային հանրությանը մենք խելք սովորեցնենք:
Հարգելի պարոն Փաշինյան, ի՞նչն է Ձեզ ստիպում, ո՞րն է Ձեր անձնական-անհատական-վարչապետական մոտիվացիան, որ դեմ եք գնում Հայաստանի հելիոֆիկացիային, հելիոտեխնիկական արդյունաբերության ստեղծմանը, հելիոտեխնոլոգիաների զարգացմանը: Դուք ընտրության այլ ճանապարհ չունեք, Հայաստանը տնտեսական կոլապսից չեն փրկի ոչ հանքարդյունաբերությունը, ոչ տեղեկատվական տեխնոլոգիաները, ոչ էլ տուրիզմը, ժամանակն է, որ թափեք Ձեր փեշի քարն ու այնպես անեք, որ հայ գիտնականների կատարած աշխատանքները օգտագործվեն՝ «ի հզորություն Հայաստան երկրի և ի սարսափ թշնամի երկրների»: Երկրի բնակչությանը զրկել այսպիսի ֆանտաստիկ հնարավորություններից և բավարարվել չինական ֆոտոպանելների համար իրացման շուկա ծառայելով, որ մի քանի հոգի ձեռքերը տաքացնեն դրամահավաքների միջոցների հաշվի՞ն... Չգիտեմ՝ ինչ անուն տալ, չեմ պատկերացնում: Փաստորեն հայկական նժարի մի կողմում դրվում է «ատկատներով» մի քանի միլիոն դոլար աշխատելու գաղափարը, մյուս կողմում՝ սեփական քրտինքով երկրի համար 12 տրիլիոն դոլարանոց միջազգային շուկա ձևավորելու, տնտեսական ու քաղաքական դիվիդենդներ ստանալու բացառիկ հնարավորությունը, և պարզվում է, որ մեր իրականության մեջ մի քանի միլիոնը ավելի ծանրակշիռ է, քան տասնյակ տրիլիոնները և միայն այն պատճառով, որ դրանք ավելի մարսվող, ավելի «ատկատայի՞ն» են: Չգիտեմ, չեմ հասկանում, մեկ-մեկ ինձ թվում է, թե ապրում եմ հիմարների թագավորությունում. այսքան գրագետ, աշխատասեր, դյուրահավատ, հայրենասեր քաղաքացիներ և այսպիսի իշխանություննե՞ր, այսպիսի Նիկոլ Փաշինյան և Արմեն Սարգսյա՞ն: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե դժգոհ եմ, որ արհեստականորեն զրկվել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ապագա մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։ Հակառակը, աշխարհում որքան շատ միջոցներ տրամադրվեն ֆոտոպանելների և արևային այլ ուղղությունների վրա (որոշ տվյալներով այլընտրանքային էներգետիկայի վրա աշխարհում տարեկան ներդրվում է 970 միլիարդ դոլար), այնքան մենք ապահովագրված կլինենք ու «կբացվենք» միայն այն ժամանակ, երբ կունենանք մեր արտադրատեսակները (դրանց տեսակները անթիվ-անհամար են) հոսքագծերի միջոցով արտադրելու հնարավորությունը: Կարելի էր, իհարկե, հանուն սպորտային հետաքրքրության ու տեխնիկատնտեսական հնարավորությունների ցուցադրման, Արցախում ունենալ հելիոֆիկացված մեկ բնակավայր՝ Հերունի-Համազասպյան տարբերակով, մեկ բնակավայր էլ՝ Արմեն Սարգսյանի սիրած ֆոտոպանելներով, բայց դրա վրա ժամանակ ծախսել չարժե, որովհետև մեր ներկա իշխանություններին ապացուցելու բան չունեմ, նրանցից ընդամենը պետք է ազատվել։ ՈՒ որքան շուտ, այնքան լավ բազմաչարչար հայ ժողովրդի համար:
«Ատկատների» գործերը կայուն հիմքերի վրա են դրված նաև ՀՀ նախագահի մրցանակների մրցութային հանձնաժողովներում: 2019 թվականի մայիսին նամակով դիմել էի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ «Պողոսյան» հիմնադրամի մրցանակները բաժանվում են «ատկատներով», պետք է միջոցներ ձեռնարկել: ՈՒղիղ կես տարի է անցել, մոտեցել է հաջորդ տարվա մրցանակակիրներին որոշելու ժամանակը, բայց մեր հարգարժան նախագահը շարունակում է լռել՝ ինչպես ձուկը ջրում։ Ամոթ է, ՀՀ նախագահի մրցանակները չի կարելի վաճառել ու միաժամանակ խոսել արհեստական բանականություններից: ՀՀ նախագահին ուզում եմ հայտնել, որ կիսահաղորդչային տեխնիկան, ֆոտովոլտային էլեկտրոնիկան և այլն իր բնագավառներից չեն, էլեկտրոնային տեխնիկայի ու տեխնոլոգիաների հարցերում պետք է ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերել, սրանք այն ոլորտներն են, որտեղ արաբական շեյխերի կամ շարքային արաբների երբեք չենք հանդիպել, համենայն դեպս, ես իմ տևական գիտաարտադրական պրակտիկայում չեմ հանդիպել: Հնարավոր եմ համարում, որ Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի ծրագրերում ինչ-ինչ խարդավանքներ լինեն, պետք է զգույշ լինել և խուսափել Հայաստանը ևս մեկ կոտրած տաշտակի առաջ կանգնեցնելու իրողությունից: Այդ ծրագրի մանրամասները անցնում են գաղտնիության մթնոլորտում, շեյխերի հետ հայտնի բանակցությունները սկսվել են Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի նախկին տեղակալ, Գագիկ Հարությունյանի զարմիկ Հայկ Հարությունյանի անմիջական նախաձեռնությամբ։ Ցանկալի կլիներ, որ այդ արաբական ծրագիրը քննարկման դրվեր ոլորտի մասնագիտական հարթակներում, նաև իմ անմիջական մասնակցությամբ, որպեսզի տրվեր պրոֆեսիոնալ մասնագետների օբյեկտիվ գնահատականը: Մինչդեռ ամեն ինչ դոցենտ նախագահի պատասխանատվության ներքո է։ Ինչու՞։ Մի՞թե այստեղ էլ է կարևորվում 300 միլիոն դոլարի ներդրումներ բերելու ու միջոցները քամուն տալու հեռանկարը:
Հարգելի պարոն Արմեն Սարգսյան, մինչև նախագահ դառնալը Դուք ինձ անձամբ դիմեցիք հետևյալ խոսքերով. «Ես անհամբեր սպասում եմ երկրների հելիոֆիկացիայի Ձեր ծրագրին»: Ծրագիրը ուղարկեցի, բայց ի՞նչ օգուտ դրանից, եթե այն չանցավ Ձեր օգնական Համլետ Գասպարյանի մաղով՝ հետևյալ հիմնավորմամբ՝ իմ ինչի՞ն է պետք արևով տուն տաքացնելը, եթե ես դա կարողանում եմ անել գազով՝ ընդամենը մեկ կոճակ սեղմելով: Շատ տպավորիչ է։ Ասա՝ ով է ՀՀ նախագահի օգնականը, ասեմ՝ ով է ՀՀ նախագահը: Ինչևիցե, հույս ունեմ, որ Աստված մեր դեմ մի դուռ կբացի այս փորձությունից ազատվելու համար։ Կապրենք, կտեսնենք:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ